Այն քարոզչական թեզը, որ ժողովուրն իմաստուն է և կյանքի հարատևության տեսանկյունից նրա կատարած քայլերն են ճիշտ, շատ կասկածելի թեզ է, որը հնարված է վերնախավի և կառավարող շրջանակների կողմից՝ մարդկանց մանիպուլացնելու ու հեշտ կառավարելու համար։
Ասածն ապացուցելու կարիք պարզապես չկա, քանի որ ժողովրդի կողմից կատարված սխալ քայլերի ու ընտրությունների օրինակները բազմաթիվ են՝ Մակրոն, Լիզ Տրասս, Զելենսկի և այլն, մեր պատմական ու մերօրյա օրինակներն էլ չեմ ասում։
Այնինչ, ժողովրդի իմաստուն լինելու ձախողակ թեզի արմատները այլ տեղ են և կազմում են դեմոկրատիա կոչեցյալ երևույթի հետ կապված քարոզչության կամ պրոպագանդայի մի մաս։
Գաղտնիք չէ, որ մարդկության պատմության մեջ նման թեզ մինչև կապիտալիզմի ու կապիտալի առաջացումը չի եղել, քանի որ ժողովուրդը եղել է հլու-հնազանդ կատարող միայն։
Կապիտալիզմի արևմտյան տեսակի զարգացման ու կապիտալի ավելի ու ավելի մեծացող դերի պայմաններում ժողովրդի ու, ընդհանրապես, հասարակ մարդկանց դերը հասարակական կյանքում օրինաչափորեն աճեց, քանի որ հարստության հիմնական աղբյուրը մարդկանց էֆեկտիվ աշխատանքն է՝ նրանց արտադրողականության բարձրացման տեսքով, իսկ դրա համար մարդուն պետք է տալ նպատակային կրթություն պրոֆեսիոնալ գործունեության համար, ինչպես նաև դոզավորված ազատություն և իրավունք ու, մասնավորապես, ընտրելու իրավունք։
Բայց որպեսզի այս վերջին հանգամանքը չկարողանա աշխատել էլիտայի շահերի դեմ, պետք եղան նաև լրացուցիչ կոնցեպտներ՝ դեմոկրատիա կոչեցյալ դոկտրինի շրջանակներում։
Վերջինս իր մեջ ներառում էր մարդկանց կողմից իշխանությունների այլընտրանքային ընտրության, դրա հետ կապված ընտրարշավի ու բազմակուսակցականության գաղափարները, ժողովրդի իմաստուն լինելու մասին թեզը, իշխանությունների բաժանման գաղափարը և այլն։
Եվ այս ամենի նպատակն էլ էլիտայի կողմից իշխանությունը ձեռքից պատահականորեն բաց չթողնելն էր, որը մի քիչ ավելի մեղմացված ձևով փոխարինելու եկավ նախկինում իշխանության ժառանգական իրավունքին։
Հասարակության զարգացման հետ կապված դեպքերի ու իրադարձությունների տրամաբանությունը բերեց նրան, որ իշխելու ժառանգական իրավունքին աստիճանաբար փոխարինելու եկան իշխանափոխության նոր ձևեր, որոնք, անհրաժեշտաբար, պետք է նույնպես գտնվեին բազմադեմ էլիտայի վերահսկողության տակ, այդ թվում՝ ընտրազանգվածին հավատացնելով, որ իրենք են ընտրում իշխանություններին, և դա ճիշտ է, քանի որ ժողովուրդն իմաստուն է ու սխալվել չի կարող։
Այստեղից էլ՝ ժողովրդի իմաստուն և անսխալական լինելու կեղծ թեզը։
Բացի դրանից, մարդկության կյանքին ուղեկցող տենդենցներից մեկն այն է, որ մարդիկ աստիճանաբար դառնում են ավելի փափկասուն ու մեղմաբարո, և կյանքի համար դաժան պայքարի վայրագ ձևերին աստիճանաբար փոխարինելու են գալիս ավելի մեղմ ձևեր, մի հանգամանք, որն ունի բազմաթիվ հետևանքներ, այդ թվում՝ տղամարդկանց վարքում կանացի գծերի հայտնվելը, որը կարող է ունենալ սկզբունքային բնույթի սոցիալական հետևանքներ։
Իսկ իշխանափոխության հարցում էլ մարդիկ եկան այն եզրակացության, որ դրա համար առաջվա նման իրար մորթել ու թունավորել պետք չէ, շատ ավելի հարմար է դեմոկրատիայի ու ընտրությունների միջոցով հերթով-հերթով վայելել իշխանություն կոչեցյալը։
Բայց ամեն մի պարադիգմ, այդ թվում նաև դեմոկրատիա կոչեցյալը, ունի ինքն իրեն սպառելու և դեկադանսի ռեժիմին անցնելու հատկություն, ինչպիսին էլ լիբերալ դեմոկրատիան է իր տարօրինակ զարգացումներով, որոնք շատ տեղերում համաձայնության մեջ չեն կյանքի հարատևման հավերժական պահանջի հետ։
Բայց, քանի որ մարդկության կյանքի ընթացքն էլ կանգնել չի կարող, ու, բացի դրանից, պատմությունն էլ սիրում է ցիկլիկ պրոցեսներ, ապա անհավանական չէ ավտորիտար պարադիգմին վերադարձ, մանավանդ, որ աշխարհի մեծամասնությունը իր մտածելակերպով հեռու չի ավտորիտարիզմից։
Կգա մի օր էլ, երբ դեմոկրատիան, իր լիբերալ թևի հետ միասին, կդիտվի որպես հասարակական հարաբերությունների ֆլուկտուացիա (արտանցում) իր հիմնական ավտորիտար մակարդակից։
Պավել Բարսեղյան